Երեկոյան մարզումները չեն ազդում քնի որակի վրա. հետազոտություն  

17 դեկտեմբերի, 2018  20:05

Երեկոյան մարզումները տարածված կարծիքին հակառակ չեն ազդում քնի որակի վրա: Նման եզրակացության են եկել Ցյուրիխից գիտնականները, որոնք ֆիզիկական ակտիվությունից կախված քնի որակի վերաբերյալ 23 հետազոտությունների մեթանալիզ են իրականացրել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե մարդիկ երեկոյան այդքան ինտենսիվ չեն զբաղվում սպորտով, գիշերային քնի վրա դա ոչ մի կերպ չի ազդում:

Երեկոյան չափավոր ծանրաբեռնվածությունները քնի հետ կապված ոչ մի արտահայտված խնդիր չեն առաջացնում, անգամ եթե այդ մարզումները քնելուց 30 րոպե առաջ են ավարտվում:

Ավելին՝ չափավոր երեկոյան մարզումներից հետո խորը քնի փուլը տեւում է 21,2 տոկոս, իսկ եթե մարդը առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության՝ սովորական երեկոյից հետո է պառկում քնելու, ապա ընդհանուր հանգստից, խորը քնի փուլը տեւում է 19,9 տոկոս: Թեեւ այդ թվերի միջեւ  տարբերությունը մեծ չէ, այն պետք է վիճակագրության համար էական համարել:

Նշենք, որ հենց խորը քնի փուլն է լիարժեք հանգիստ եւ օրգանիզմի բոլոր գործառույթների վերականգնում ապահովում: Այս փուլը հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, որոնք զբաղվում են սպորտով: Այսպիսով ապացուցվել է, որ քնից առաջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են ինչ-որ իմաստով ավելի օգտակար լինել, քան օրվա մյուս ժամերի մարզումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում